Հայ մաթեմատիկոսները սկսել են ձևավորել մաթեմատիկական միություն դեռևս Հայաստանի առաջին հանրապետության օրոք՝ 1920 թվականին, որի կազմակերպիչը և առաջին նախագահն է եղել Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Երվանդ Կոգբետլյանցը:
Կոգբետլյանցի Ֆրանսիա տեղափոխվելուց հետո միության աշխատանքները որոշակիորեն թուլանում են, և նորից ակտիվանում 1940-1950 -ական թվականներին՝ շնորհիվ ակադեմիկոսներ Արտաշես Շահինյանի, Մխիթար Ջրբաշյանի և Սերգեյ Մերգելյանի:
1991թ. Խորհրդային Միությունից Հայաստանի անկախացումից հետո, մի խումբ երիտասարդ մաթեմատիկոսների ջանքերով ՛՛Հայկական մաթեմատիկական միությունը՝՝ գրանցվում է նորանկախ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում, ընտրվում է խորհուրդ և նախագահ:
Միության գլխավոր նպատակն է նպաստել մաթեմատիկական գիտելիքների զարգացմանը և տարածմանը Հայաստանի Հանրապետությունում: Հիմնադիրները համարում են, որ դրան հասնելու հիմնական միջոցը հանրապետության պրոֆեսիոնալ մաեմատիկոսների և այն արտասահմանյան մասնագետների ջանքերի զուգորդումն է, որոնք Հայաստանի հետ կապված են ծագմամբ կամ ցանկություն են հայտնել նպաստել մաթեմատիկայի զարգացմանը մեր երկրում:
Ոչ պակաս կարևոր էր մեր մասնագետների ինտեգրումը մաթեմատիկոսների միջազգային հանրության կազմում: Որպես առաջին քայլ այն արտացոլվեց Մաթեմատիկական Միջազգային Միության անդամակցությամբ: ՀՄՄ հովանու ներքո գործում են հանձնաժողովներ, որոնցից կարևորագույնը ուսուցման ծրագրերի, դասավանդման մեթոդների և կրթական համակարգում օգտագործվող դասագրքերի որակի վերահսկմամբ զբաղվող կրթության հանջնաժողովն է:
Գործունեության կարևոր բաղադրիչներից մեկն է գիտաժողովների կանոնավոր անցկացումը, որոնք ամբիոն են տրամադրում ինչպես մեր մաթեմատիկոսներին, այնպես էլ արտասահմանյան ականավոր մասնագետներին:
ՀՄՄն պարբերաբար կազմակերպում է թեմատիկ և ընդհանուր գիտաժողովներ: