Հայ  մաթեմատիկոսները սկսել են ձևավորել  մաթեմատիկական միություն  դեռևս Հայաստանի առաջին հանրապետության օրոք՝ 1920 թվականին, որի  կազմակերպիչը  և առաջին նախագահն է եղել Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր  Երվանդ  Կոգբետլյանցը:

Կոգբետլյանցի Ֆրանսիա տեղափոխվելուց հետո միության աշխատանքները որոշակիորեն թուլանում են, և նորից ակտիվանում  1940-1950 -ական  թվականներին՝ շնորհիվ  ակադեմիկոսներ Արտաշես Շահինյանի, Մխիթար Ջրբաշյանի և Սերգեյ Մերգելյանի:

1991թ. Խորհրդային Միությունից Հայաստանի անկախացումից հետո, մի խումբ  երիտասարդ  մաթեմատիկոսների ջանքերով  ՛՛Հայկական մաթեմատիկական միությունը՝՝  գրանցվում է  նորանկախ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում, ընտրվում  է խորհուրդ և նախագահ:

 Միության գլխավոր նպատակն է նպաստել մաթեմատիկական գիտելիքների զարգացմանը և տարածմանը Հայաստանի Հանրապետությունում: Հիմնադիրները համարում են, որ դրան հասնելու հիմնական միջոցը  հանրապետության պրոֆեսիոնալ մաեմատիկոսների և այն արտասահմանյան մասնագետների ջանքերի զուգորդումն է, որոնք Հայաստանի հետ կապված են ծագմամբ կամ ցանկություն են հայտնել նպաստել մաթեմատիկայի զարգացմանը մեր երկրում:

Ոչ պակաս կարևոր էր մեր մասնագետների ինտեգրումը մաթեմատիկոսների միջազգային հանրության կազմում: Որպես առաջին քայլ այն արտացոլվեց Մաթեմատիկական Միջազգային Միության անդամակցությամբ: ՀՄՄ հովանու ներքո գործում են հանձնաժողովներ, որոնցից կարևորագույնը ուսուցման ծրագրերի, դասավանդման մեթոդների և կրթական համակարգում օգտագործվող դասագրքերի որակի վերահսկմամբ զբաղվող կրթության հանջնաժողովն է:

Գործունեության  կարևոր բաղադրիչներից մեկն է գիտաժողովների կանոնավոր անցկացումը, որոնք ամբիոն են տրամադրում ինչպես մեր մաթեմատիկոսներին, այնպես էլ արտասահմանյան ականավոր մասնագետներին:

 ՀՄՄն պարբերաբար կազմակերպում է թեմատիկ և ընդհանուր գիտաժողովներ: